Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Երկու շաբաթից ավելի է, ինչ սկսվել են Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այժմ եկեղեցու տարածքն է մաքրվում, հողային աշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս գալիս: Այս մասին գրում է «Ջավախք նյուզ»-ը:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է գտնվում:
Հուլիսի 5-ից սկսած եկեղեցու տարածքում ընթանում են հողային մաքրման, ինչպես նաև եկեղեցու տարածքի տապանաքարերի, խաչքարերի, հիմնաքարերի դասակարգման աշխատանքներ:
«Հիմա մաքրման աշխատանքներ են իրականացվում, քարերը արդեն այնտեղ ենք դասավորել, հողը պետք է հավասարեցնել: Այս աշխատանքներից հետո հնագիտական պեղումներ կիրականացվեն, որից հետո կսկսվի վերականգնման աշխատանքները», – ասել է հնեաբան, վերականգնող Բեսիկ Կոլբայան:
Գումբուրդոյի 10-րդ դարի տաճարի վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Եկեղեցու քարերը հատուկ կբերվեն Աբուլ գյուղի քարհանքից: Հատուկ ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել է, որ նույն քարով է եկեղեցին կառուցված:
Անցած տարի Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը որոշակի պեղումներ էր իրականացրել, արդյունքում գյուղացիները դժգոհում էին: Եկեղեցու հյուսիսային մասում հողային շերտի հեռացման աշխատանքներ ժամանակ աշխատակիցները արկղներով մարդկային ոսկորներ են հավաքել:
Գումբուրդոյի եկեղեցին Վրաստանում հայկական վիճահարույց եկեղեցիների ցանկում է: