Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում»-այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հասարակայնության միջոցների հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
Ջիմ Կոստան էլ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ և ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և այլևս չլինեն ցեղասպանություններ»:
Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում և կարևորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը: