Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 55%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Վրաստանի առևտրի շրջանառությունը կազմել է 98 մլն 322.3 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%-ով:
2015թ-ի հունվար-մայիսին առևտրաշրջանառությունը կազմել է 63 մլն 337.2 հազար դոլար: Այսպիսով, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 5,2%-ը:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 57 մլն 107.8 հազար դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 50%-ով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 41 մլն 214.5 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 61,9%-ով:
Այսպիսով, այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է 8.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 3.3%: