Քարեր ու խլացուցիչներ Խորենացիում
Քիչ առաջ panorama.am-ի աշխատակիցը հայտնեց տեղից. Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքում հավաքվածները պահանջել են ոստիկանությունից՝ թույլ տան սնունդ փոխանցել ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
Հիշեցնենք՝ սրանից քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներից Անի Նավասարդյանը կոչ արեց քաղաքացիներին սնունդ հավաքել՝ զինված խմբի անդամներին փոխանցելու համար: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց, որ սնունդի թեմայով խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ: Ասաց՝ սա «նուրբ» հարց է (ավելի մանրամասն՝ այստեղ):
Մինչ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեռացել էր սննդի հարցերով, հավաքվածները ոստիկաններին ներկայացրեցին իրենց նոր պահանջը և որ՝ բացասկան պատասխանի դեպքում փակելու են փողոցները:
Այնուհետև. հավաքվածները նախ հրահանգեցին կանանց ու աղջիկներին մի կողմ քաշվել, ապա քարերով ու ոտքերով սկսեցին հարվածել ոստիկաններին: Ոստիկաններից մեկը կոչ արեց լինել հանդուժող, չգնալ որևէ սադրիչ քայլի, այլապես իրենք էլ միջոցներ կձեռնարկեն:
Հավաքվածների՝ քարեր նետելուց հետո ոստիկանները նրանց ցրելու համար սկսեցին խլացուցիչներ նետել: