Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել. ԱՄՆ դեսպան
Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակին:
Դեսպանը նախ իր ցավակցությունը հայտնեց զոհված սպայի՝ գնդապետ Արթուր Վանոյանի մաhվան կապակցությամբ և ավելացրեց, որ ԱՄՆ դեսպանությունն ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ դեսպանության հիմնական խնդիրներից մեկն է՝ Ամերիկայի քաղաքացիներին իրազեկել երկրում անվտանգության և ապահովության հետ կապված հարցերը: «Առայժմ մենք շարունակում ենք ամերիկացիներին հորդորել Էրեբունու տարածքից հեռու մնալ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ն իր աջակցությունն է առաջարկել ՀՀ իշխանություններին, դեսպանը պատասխանեց. «Ես Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի կապի մեջ կիրակի օրվանից հետո չեմ եղել, բայց երեկ պետքարտուղարությունում այս մասին հարց բարձրացվեց, և մեր կողմից ՀՀ կառավարությանը հորդորեցին՝ իրավիճակը կարգավորել զսպվածությամբ և արհեստավարժ կերպով»:
Այնուհետև Ռիչարդ Միլսը ավելացրեց. «Ժամանակն է, որպեսզի բոլոր հայերի կողմից իրավունքի գերակայության նկատմամբ հարգանք դրսևրովի, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, ինչը, կարծում եմ, այն է, ինչ բոլորն են ցանկանում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան