Ոչինչ չէր պատահի, եթե մեզ թույլ տային մի քանի րոպե զրուցեինք «Սասնա ծռերի» անդամների հետ. Նաիրա Զոհրաբյան
Խորենացի փողոցում գտնվող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ցանկանում են մուտք գործել «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածք, բայց ոստիկանության ծառայողները նրանց թույլ չեն տալիս:
«Մենք ասում ենք՝ եթե կարող ենք օգնել իրավիճակի լիցքաթափմանը, ինչո՞ւ չփորձենք այդ հնարավորությունը: Ցանկացած տարբերակ, ցանկացած հնարավորություն այսօր պետք է փորձել: Բայց նրանք էլ ասում են, որ թույլ չեն տալիս մեր անվտանգությունից ելնելով: Մենք էլ պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթ, որ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք: Իրենք էլ հակադարձում են, թե նման կարգ գոյություն չունի», -այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մելքումյանն էլ փոխանցեց, որ իրենք շարունակելու են դիմել պատասխանատու մարմիններին, որպեսզի ստանան թույլտվություն ՊՊԾ գնդի տարածք մուտք գործելու համար:
«Այս վիճակը հետևանք է երկրում տիրող իրավիճակի, և մենք պետք է կարողանանք համակարգային փոփոխությունների գնանք», -հայտարարեց Միքայել Մելքումյանը:
«Ես կարծում եմ, որ ոչինչ չէր պատահի, եթե մեզ թույլ տային մի քանի րոպե զրուցեինք մարդկանց հետ, հասկանայինք: Ես չեմ ասում՝ գնայինք, հարցերը լուծած, դուրս գայինք: Սա այնպիսի իրավիճակ է, որը շատ լուրջ լուծումներ է պահանջում», -իր հերթին հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ հուլիսի 16-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված մուտք են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը: Պատանդի կարգավիճակում նրանց հետ են չորս ոստիկաններ: Մինչ այս պահը, ԱԱԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, զինված խմբի կողմից ազատ է արձակվել 5 անձ: