Ալեքսանդր Իսկանդարյան. Ոստիկանության բաժանմունք գրավելով իշխանություն վերցնելն անհնար է
«Անլուրջ է երկրում իշխանություն վերցնել՝ քաղաքի խուլ ծայրամասում ոստիկանության բաժանմունք գրավելով: Ակնհայտ է, որ դա անհնար է»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում խոսելով Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված ահաբեկչական հարձակման թեմայի շուրջ՝ կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալները, հավանաբար, հույս են ունեցել, որ հասարակության լայն զանգվածների աջակցությանը կարժանանա, սակայն, քաղաքական առումով, ամեն ինչ այնքան էլ հստակ չէին հաշվարկել:
«Ենթադրենք, թե խաղաղ պայքարով փոփոխությունների հասնել չի ստացվում, սակայն սա նույնպես ճանապարհ չէ, և այսպես նույնպես չի ստացվում: Աշխարհում չկա օրինակ, երբ նման դեպքերը ստացվեն և ինչ-որ լավ բանի բերեն: Պատկերացրե՛ք այդ ինքնաձիգը ձեռքին մարդկանցից մեկին, օրինակ, վարչապետի, նախագահի, որևէ նախարարի դերում: Այդպես շատ լավ կլինի՞: Պատկերացրե՛ք, որ քաղաքականության վրա ազդելու նման եղանակները կիրառվելու են հենց այդ նույն քաղաքականության մեջ, երբ այդ քաղաքականությունը գա: Չի ստացվի, նույնիսկ եթե ստացվի, նույնիսկ եթե հեղաշրջում տեղի ունենա»,- ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նկատել է, որ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում կան երկրներ, որտեղ կես դարում 50 անգամ հեղաշրջում է տեղի ունենում, բայց այդ երկրները Շվեյցարիա չեն դառնում:
Իսկանդարյանի համոզմամբ՝ խաղաղ ճանապարհով հնարավոր է երկրում դրական փոփոխությունների հասնել, եթե քաղաքական գործիչները քրտնաջան աշխատեն, սակայն մեր քաղաքական գործիչների համար ավելի հեշտ է չանել այդ աշխատանքը, փոխարենը բղավել, աղաղակել և ասել, որ խնդիրները մեկ օրում կարելի է լուծել՝ մի մարդուն մյուսով փոխարինելով:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ իշխանություններն ակնհայտորեն ցանկանում են առանց արյունահեղության լուծել ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված իրավիճակը, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի խնդիրները նման կերպ ոչ միշտ է հաջողվում լուծել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան