ԱՆ. Երկվա տուժածները դուրս են գրվել
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտել անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։ Այս մասին հայտնեցին առողջապահության նախարարությունից՝ մանրամասներ չներկայացնելով տուժածների ինքնության մասին:
Նույն աղբյուրի համաձայն, ամբուլատոր պայմաններում ևս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` արդեն որոշակի դրական շարժընթացով։ Կայուն` դրական շարժընթացով` այսպես է գնահատվում նաև «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը։ Հուլիսի 17-ից այս կենտրոնում բուժվող մյուս տուժածի, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվողի վիճակը բավարար է։
Այսպիսով, այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 4 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» համալսարանական համալիրում, և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։