Սա վերջնական և հզոր հարվածն էր քեմալական Թուրքիային. Սաֆրաստյան
Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայումս ունեն երեք բաղկացուցիչ մաս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ մանրամասնելով դրանք:
«Առաջինը հենց բուն հեղաշրջման փորձն է, երկրորդը՝ դրան հաջորդող շրջանն է, որի մեջ գտնվում են և որը կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբը, երբ նշանակված է բարձրագույն զինվորական խորհրդի հերթական նիստը, իսկ երրորդ բաղադրիչն այն է, թե ինչ կլինի Թուրքիայում այս ամենից հետո»,-ասաց Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով՝ այդ ամենն Էրդողանի սարքածը չէր, դա ուղղակի անհաջող և վաղաժամկետ կազմակերպված հեղաշրջման փորձն էր, որից Էրդողանը շատ լավ օգտվում է և կարողանում է իր ծրագրերն իրականացնել. «Էրդողանի ծրագիրն է զտումներ անցկացնել Թուրքիայի պետական կառույցներում, ռազմական և կրթական համակարգում և ազատվել բոլոր այն մարդկանցից, որոնք իր ընկալմամբ չեն կիսում նրա մոտեցումները: Եթե ընդհանրացնենք, ապա Թուրքիայում տեղի է ունենում մեծ զտում և Թուրքիայում այս մեծ զտման առանձնահատկությունն այն է, որ տեղի է ունենում հատուկ նախապատրաստված ջոկատների միջոցով, որոնք իսլամիստական գաղափարախոսության կրողներ են և հանդիսանում են Էրդողանի զանգվածային հենարանը: Այդ զտումները շատ մեծ թվերի են հասել, որոնց ցուցակները նախապես կազմած ունեցել է»:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ՝ այս ամենի հետևանքը կլինի նոր Թուրքիան, իսն այն քեմալական Թուրքիան, որը մինչև հիմա կար կդադարի գոյություն ունենալ:
«Սա վերջնական և հզոր հարվածն էր քեմալական Թուրքիային, մի պետության, որտեղ իսլամը քաղաքական գործոն չէր: Նոր Թուրքիան կլինի իսլամացված պետություն և կվերականգնի մեկ անձի՝ Էրդողանի իշխանությունը: Կարծում եմ, որ Թուրքիան ավելի կսկսի հեռանալ Արևմուտքից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից: Ակնհայտ է, որ նրա եվրաինտեգրման գործընթացը չի սկսվի և չեմ բացառում, որ Եվրոպան էլ ավելի օտարի Թուրքիային, գուցե և պաշտոնապես կասեցվի եվրաինտեգրման գործընթացը»,-ընդգծեց արևելագետը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի հարցին, Սաֆրաստյանն ասաց, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, եթե Թուրքիան ներկայացնի անհրաժեշտ քանակությամբ և հավաստիության փաստաթղթեր, ապա կհանձնեն Գյուլենին. «Այս օրերին զինվորականներից կտտանքների միջոցով Թուրքիան ստացած կլինի բոլոր այն անհրաժեշտ ցուցմունքները, որոնց հիման վրա կկարողանա այսպես ասած արժանահավատ թղթապանակ կազմել և ներկայացնել ԱՄՆ-ին: Սակայն, չեմ կարծում, թե Գյուլենն այս ամենի հետ կապ ուներ»:
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ նա ասաց, որ Թուրքիան առաջիկա ամիսներին չի ակտիվացնի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Նրանց համար այսօր առաջնային նշանակություն ունի Սիրիան:
Լրագրողների հարցին, թե Թուրքիայում կատարվածը նպաստեց Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Սաֆրաստյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մարդիկ այստեղ նման ակցիայի գնալով ինչ են մտածել, բայց եթե գնահատեմ, ոչ մի կապ չկա այս գործողությունների միջև»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին