Ֆրանսիայի իշխանությունները իդենտիֆիկացրել են սպանված բոլոր 84 զոհերին
Ֆրանսիական մամուլը շարունակում է գրել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մասին, երբ հուլիսի 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնի տոնակատարությունների ժամանակ բեռնատարը մխրճվեց տոնակատարությանը մասնակցող ամբոխի մեջ։
Նշվում է, որ իշխանությունները իդենտիֆիկացրել են սպանված բոլոր 84 զոհերին, որն իրականացվում է հանձնաժողովի կողմից՝ բաղկացած բժշկական տարբեր մասնագետներից։ Հայտնի է, 84 զոհերի թվում կային նաև 2 հայեր՝ Նարինե Գասպարյանը, իսկ մյուսը՝ Ռոման Եկմալյանը, ով ապրում էր Բելգիայում։
Ինչպես գրում է Le Point-ը, Նարինե Գասպարյանը 34 տարեկան էր, ազգությամբ հայ։ Նա ամուսնացած էր և ուներ 2 տարեկան երեխա։ Նարինեն ամուսնու և որդու հետ ապրում էր Նիսում՝ ըստ ՀՀ ԱԳ նախարարության տվյալների։
«Նարինեն շատ հանգիստ մարդ էր, տնային տնտեսուհի, ով նվիրված էր իր ընտանիքին»,- Agence France-Presse-ին ասել է Ալպ Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Գրիգոր Խաչատրյանը։
Ըստ քահանայի, Գասպարյանների հետ եղել են նաև այլ հայ ընտանիքներ, երբ բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։
Նշվում է, որ Գասպարյանների ընտանիքի հայրը կարողացել է փրկել միայն երեխային՝ նրան իր գիրկն առնելով, և երեխան հազիվ է փրկվել ու չի հայտնվել բեռնատարի տակ։
Ռոման Եկմալյանը եղել է գործարար, Վրաստանի քաղաքացի, սակայն ապրել է Բելգիայում։ Գործարարը Նիսում եղել է կնոջ՝ Նատալիա Օտտոյի հետ, ով ևս սպանվել է։ Նրանք ունեին 2 դուստր, որոնցից մեկն ապրում էր Նիսում։
Հիշեցնենք, որ Նիսի ահաբեկչությունը կատարել էր թունիսցի Մոհամեդ Լահուայեջը, ով ապրում էր Ֆրանսիայում։