ՔԱԳՎ պետ. Առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը
Առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Դմիտրի Աթբաշյանը Սերգեյ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրել է ենթահանձնաժողովի կողմից մշակված օդային օրենսգրքի նախագծի վրա: Ավետիսյանն էլ նշել է, որ ավիացիոն օրենսդրության փոփոխության շրջանակներում հաշվի կառնվեն նաև օդային օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշակի դրույթներ:
Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ավիացիան չպետք է դիտարկել զուտ որպես բիզնես, քանի որ այն հատկապես Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս համատեքստում քննարկվել է Հայաստանում ազգային ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, որը որպես խնդիր պետությունն իր առջև պետք է դնի նախևառաջ ազգային անվտանգության տեսանկյունից:
Այս առումով կարևորվել են պետության մասնակցությունը ազգային ավիաընկերության ձևավորման գործին, օրենսդրական դաշտի բարեփոխումները, պետական երաշխիքների տրամադրումը, ներդրումների համար գրավիչ բիզնես միջավայրի ապահովումը և այլն:
Սերգեյ Ավետիսյանը համակարծիք է եղել ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությանը` միաժամանակ նշելով, որ ազգային ավիացիայի ստեղծումը, պահպանումն ու զարգացումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Առհասարակ, նա ավիացիան համարել է չափազանց բարդ և մրցակցային շուկա, որտեղ լուրջ պայքար է ընթանում ոլորտում հաստատուն մնալու համար:
ՀԽ մամուլի պատասխանատուի փոխանցմամբ, քննարկվել են նաև բաց երկնքի քաղաքականությունը, դրա արդյունքներն ու հետևանքները Հայաստանի ավիացիոն ոլորտի վրա, ներկա խնդիրներն ու մարտահրավերները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան