Լրագրողից պահանջել են անջատել տեսախցիկը և բռնության են ենթարկել
Հուլիսի 21-ի գիշերը Խորենացի փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո, երբ դեպքերը սկսեցին զարգանալ Տիգրան Մեծ պողոտայում, անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել Իրավաբան.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը:
Լրատվամիջոցի հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Այսօր գիշերը 03:00-ից մինչև 03:25-ը Տիգրան Մեծ պողոտայից մի քանի երիտասարդներ վազքով գալով Խորենացու փողոց, որտեղ անցկացվում էր բողոքի ցույցը, հայտնել են, որ ոստիկանները ուժեր են կուտակում պողոտայում։
Իրավիճակը լուսաբանելու համար դեպքի վայր է գնացել Իրավաբան.net կայքի լրագրողը։ Հասնելով Տիգրան Մեծի պողոտա, նա նկատել է, թե ինչպես են ոստիկանները շարք կազմած առաջանում կամրջի տակով, նրանց դիմաց 5-6 քաղաքացիական հագուստով անձինք քարեր ու շշեր էին նետում Տիգրան Մեծի պողոտայի մյուս հատվածում գտնվող թվով ավելի շատ քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Իրավաբան.net-ի լրագրողը նկարահանել է միջադեպը, որից հետո մոտեցել է դեպի նշյալ քաղաքացիական հագուստով անձանց։ Նրանք հորդորել են լրագրողին անցնել իրենց կողմը՝ ասելով, թե այնտեղ անվտանգ է, այնուհետև պահանջել են անջատել տեսախցիկը:
Լրագրողը անջատել է տեսախցիկը, սակայն քաղաքացիական հագուստով անձինք մոտենեցել են, քաշքշել նրան, հոգեբանական ճնշման ենթարկել, գցել են գետնին, այնուհետև հարվածել ու պահանջել իրենց տալ տեսախցիկի չիպը:
Բռնությամբ չիպը վերցնելուց հետո քաղաքացիական հագուստով անձինք թույլ են տվել նրան լքել տարածքը։ Դեպքից հետո լրագրողը ենթարկվել է բուժզննության՝ շտապօգնության կանչով, այս մասին տեղեկացվել է նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետին, ինչպես նաև ՄԻՊ-ին»։
Լրատվամիջոցից Panorama.am-ին տեղեկացրին, որ լրագրողը իրեն ծեծելու մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: