«Բռնությունը, բերման ենթարկումը ավելի շատ է բորբոքում մեր ժողովրդին»
«Ցավ եմ ապրում կորստի և վիրավորների համար, սա մեր երկրի խայտառակությունն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն՝ անդրադառնալով Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձաձություններին:
«Ամեն օր ասվում է, ու՞ր են մտավորականները, ինչու կոչ չեն անում: Ես որպես ազգի ցավով ապրող մարդ, որպես մտավորական չեմ կարող տանը նստել և կոչ անել: Որտեղ ժողովուրդն է, ես այնտեղ եմ: Այս օրերին էլ այնտեղ եմ եղել և տեսել եմ ինչ է կատարվում: Կոչ եմ անում բոլորին` արվեստագետներին, մտավորականներին, ովքեր ժողովրդի մոտ հարգանք ու սեր են վայելում, թող գան պատնեշ կազմենք: Ով եղել է երեկվա թեժ ժամանակ, տեսել է ինչ է կատարվում, ահավոր վիճակ էր: Մենք պիտի բռնության դեմն առնենք, խեղճ Նիկոլ Փաշինյանը երեկ չգիտեր, որ մեկին դադարեցներ: Ու՞ր են պատկան մարմինները: Պատգամավորները խորհրդարանում կռիվ են անում միկրոֆոնի համար, թող գան ժողովրդին հանդարտացնեն»,-ասաց Գուսան Հայկազունը:
Ասուլիսին ներկա «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, թե պիտի հասկանալ, որ մեր մտավորականներն այնտեղ են ու վերջ. «Ում տեսել եք այնտեղ նա է մտավորական: Լիքը լուսավոր մարդ կա այնտեղ: Ինչ վերաբերում է երեկվա մտավորականների հայտարարությանը, ես գիտեմ այդ նամակներն ինչ ձև է կազմվում, կարող է իրենց ինչ-որ ձևով բնութագրել են, որ Ժիրայր Սեֆիլյանը խնդրել է այսպիսի նամակ գրել ու այդ խեղճ մարդիկ, աշխարհից կտրված, ասում են ես էլ եմ ուզում, որ խաղաղություն լինի ու ստորագրում են այդտեղ: Սակայն մի մասը հաստատ տեղյակ չի ինչի տակ է ստորագրում»:
Նրա խոսքով՝ նամակների խնդիր չկա, սա հին սովետական ձև է:
Իսկ այս ամենն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ժողովրդի զայրանալու արդյունք է. «Իշխանությունն է ընտրում ում հետ գործ ունենալ քաղաքական գործչի հետ, մեկ այլ գործչի հետ, ով ուժային ճանապարհով է տեսնում հարցի լուծումը, թե վաղն արդեն այն մարդկանց հետ, որոնց մենք չենք ճանաչում: Թող մինչ այս հնարավորություն տային հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու»:
Երգիչ Արսեն Գրիգորյանը ևս ցավ հայտնեց կատարվածի համար՝ նշելով, որ սա ունի իր նախադրյալները, ինչից էլ հասել է այս վիճակին. «Կոչ եմ անում ժողովրդին, բոլորին, ես չեմ ընդունում բռնությունը, չեմ ընդունում որևէ ձև ուժ գործադրելն իրար նկատմամբ, դրա համար կա երկխոսության հնարավորություն, որին պետք է հասնենք, ոչ թե զենքերով, քարեր ու արյուն թափելով, այլ խաղաղ ճանապարհով: Հայի արյուն թափելն ինձ համար անընդունելի է»:
Երգչի դիտարկմամբ՝ մտավորականների նամակը պետք է լինի, բայց ոչ միակողմանի. «Եթե կան այս ամենով մտահոգված մարդիկ, ուրեմն պետք է լինի նամակ կամ դիմում այս ամեն ինչին լուծում տրվող, ոչ թե թողնել ինքնահոս, կամ ոստիկանությունն ինչ-որ հարցեր լուծի: Պետք է քաղաքական երկխոսության միջոցով դուրս գանք այս ամենից, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում»:
Գուսան Հայկազունն էլ շեշտեց, որ այս ամենը ծնող պատճառները պետք է վերացնել, որոնք և սոցիալական են, և իրավական. «Մեր ժողովուրդը 25 տարի ամեն ինչ էլ տեսել է, դիմացել ու կդիմանա, միայն մի բան կա, որն անընդունելի է, դա վերջին ժամանակներում Արցախում հողերի հանձնման հետ է կապված խոսակցություններն են, թող բառապաշարից հանեն այդ արտահայտությունը: Դա ժողովուրդը չի ների ոչ մեկին, ազգը թույլ չի տա:Ես երեկ տղաներին եմ նայում, արծիվ, առյուծ տղաներ ունենք, ովքեր տանկերի դեմ դուրս կգան, ինչու ենք փչացնում նրանց, ափսոս են, ինչու ենք ոգին կոտրում, թող ոգի տան, առաջ տանեն այս տղաներին»:
Անդրադառնալով հարցի հանգուցալուծմանը, բանախոսները միաձայն նշեցին, որ բանակցություններով և երկխոսությամբ պետք է լուծում տրվի՝ առանց արյունի:
«Պետք է հասնենք այդ երկխոսությանը, բացառենք բռնությունը: Բռնությունը, բերման ենթարկելն ավելի շատ է բորբոքում մեր ժողովրդին: Ոստիկանության միջոցով չէ, որ պետք է հարցը լուծվի: Ինչու՞ այսօր չունենք այն, ինչ որ կար Բաղրամյանի կամ «Ժառանգության» ցույցերի ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գալիս, հանդիպում, հարցի լուծում գտնում»,-հարց հնչեցրեց երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավարն էլ հավելեց. «Ոստիկանության գնդապետն է այսօր այնտեղ բանակցություններ վարում, նա ի՞նչ գործ ունի, մենք քաղաքագետներ, պետական իշխանության ներկայացուցիչներ չունե՞նք, որ զբաղվեն դրանով: Բոլորիս ցանկանում ենք, որ այս ամենը հարթվի ու այլևս չկրկնվի, խնդրենք և հորդորենք, որ դադարեցվի այս վիճակը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան