«Փարոս»-ը երգչախմբերի Օլիմպիական խաղերում երկու մրցանակի է արժանացել
Սոչիում հուլիսի 6-16-ը կայացել է Երգչախմբերի համաշխարհային խաղերը, որին մասնակցել են հարյուրավոր երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացրել է «Փարոս» կամերային երգչախումբը, ելույթ ունեցել երկու անվանակարգում՝ «Երկսեռ կամերային երգչախմբեր» և «Հոգևոր երաժշտություն a capella», արժանացել երկու արծաթե մեդալի,- Panorama.am-ին տեղեկացրեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Ըստ նրա, Երգչախմբերի համաշխարհային խաղերն անվանում են նաև երգչախմբերի Օլիմպիական խաղեր: Այն բաղկացած է երկու տեսակի մրցույթից: Առաջինում, որը կոչվում էր Բաց մրցույթ, կարող է մասնակցել յուրաքանչյուր երգչախումբ` անկախ վարպետության աստիճանից: Իսկ երկրորդում` Չեմպիոնների մրցույթում, իրավունք ունեն մասնակցելու միայն նախկինում միջազգային դափնեկրի կոչմանն արժանացած և նախապես ներկայացված ձայնագրությամբ որոշակի ընտրություն անցած երգչախմբերը:
«Փարոսը» ընտրվեց Չեմպիոնների մրցույթում մասնակցելու համար: «Փարոս» կամերային երգչախումբը կատարել է և հայ, և օտարազգի ստեղծագործողների աշխատանքներ:
«Հանդիսատեսը ոտնկայս ծափահարում էր մեզ, ինչը հազվադեպ է մրցույթների ժամանակ»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2014-ին Ռիգայում կայացած Երգչախմբերի համաշխարհային խաղերին երգչախումբը նույնպես արժանացել էր երկու արծաթե մեդալի:
«Ակնկալում ենք, որ հաջորդ խաղերին կարժանանանք ոսկե մեդալի»,- նշեց Արմեն Ալավերդյանը:
«Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար` Րաֆֆի Միքայէլեան) իր տեսակի մեջ եզակի է. խմբի անդամների մեծ մասը սայլակ օգտագործող և այլ տեսակների հաշմանդամություն ունեցող անձինք են:
Լուսանկարները՝ Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից: