Իրանում հերթական խոշոր ահաբեկչական գործողությունն է կանխվել
Իրանի իրավապահ մարմինների կողմից 40 հոգանոց խումբ է ձերբակալվել,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, տեղեկացրել է, որ երկու օր առաջ իրավապահ մարմինների կողմից երկրի արևելյան նահանգներից մեկում 40 հոգանոց խումբ է ձերբակալվել, որը տներից մեկի շրջակայքում մինչև 20 մետր խորությամբ և 40 մետր երկարությամբ թունել փորելով, նպատակ է ունեցել խոշոր պայթյուն իրականացնել:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին ԻԻՀ անվտանգության ուժերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ վնասազերծվել էր վահաբիներից կազմված ահաբեկչական խումբ, որը նպատակ ուներ մայրաքաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Իսկ ավելի վաղ Արևմտյան Ատրպատական նահանգի Օշնավիե շրջանում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զինծառայողների և հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված բախման ժամանակ ԻՀՊԿ-ին հաջողվել էր ահաբեկչական երկու խմբավորում վնասազերծել: Գործողության արդյունքում՝ 9 հակահեղափոխական է սպանվել, իսկ ԻՀՊԿ-ն տվել է 2 զոհ: