
«Էրեբունի» ԲԿ հիմնականում տեղափոխվել են գազային թունավորմամբ և սալջարդերով
Խորենացի փողոցում երեկ երեկոյան ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 անձ, իսկ առավոտյան՝ ևս երկու անձ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, հիվանդանոցում գտնվող 20 անձանցից 16-ը ոստիկաններ են եղել, 4-ը՝ քաղաքացիական անձինք: Հիվանդանոցից համապատասխան բուժօգնությունն ստանալուց հետո դուրս է գրվել 5 անձ, իսկ մյուսների բուժումը շարունակվում է:
Հիվանդանոց հիմնականում տեղափոխվել են գազային թունավորում և բութ առարկաներից ստացված սալջարդեր ախտորոշումներով:
«Հիվանդները, տարբեր վնասվածքներ են ստացել, բայց նրանց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», -ասաց Շուշան Հունանյանը:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։