Լարիսա Ալավերդյան. Ես բռնության դեմ եմ, այն էլ՝ Հայաստանում
«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը հսկողության տակ պահելու փաստին՝ կարծիք հայտնեց, որ այդ քայլին գնացածները հանցագործներ չեն, սակայն անում են հանցագործություն:
«Դժվար է պատկերացնել, եթե ոչ ահա այս խումբը, որին կարծես թե շատերը ճանաչում են, նրանք պատերազմի թոհուբոհով անցած են, բոլորը գիտեն, որ իրենք քրեական տարր չեն, գիտեն նրանց մտահոգությունները ևս, բայց պատկերացրեք, որ նույն գործողություններն անեին ուղղակի իսկական ահաբեկիչներն իսկական նպատակներով՝ ուղղակի տապալելու երկիրը: Շատ շատերը ես գիտեմ, ասում են՝ սա վատ գործիք է, ես էլ եմ ասում, ես բռնության դեմ եմ, այն էլ՝ Հայաստանում, այն էլ տարիներ շարունակ պահպանվող այս իրավիճակում: Բայց մենք հասկանում ենք, որ զինված այս տղաները մտահոգված են»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նա կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածի պատճառը իշխանությունների անտարբերությունն է դեպի ժողովրդի պահանջը:
«Կրկնում եմ, իմ խոսքերի մեջ չկա ոչ մի արդարացում բռնության»,-ասաց Լ. Ալավեդյանը, ավելացնելով, որ ինքը խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից է:
Նա հարց հնչեցրեց՝ ի վերջո իշխանությունը մի մեղայով պե՞տք է հանդես գա, կարո՞ղ ենք մենք իշխանությունից լսել, որ այս իրավիճակը տարիներ շարունակ խոշոր բացթողումների արդյունք է:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Լ. Ալավերդյանի գնահատմամբ, դրանք օրենքի խախտումով են, բիրտ:
«Մենք տեսնում ենք, ինչպես են ոտնահարում մարդու իրավունքները, անտեսում օրենքը, անպատվում երկիրս, և վերջապես քաղաքականացնեմ՝ ինչպես է լարվածությունն ավելանում ոստիկանության այդ ներկայացուցիչների գործողություններից»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան