Ոչ մի սարսափելի բան չի լինի, իշխանությունների վարկանիշը չի իջնի, եթե գնան բանակցությունների, որոշ զիջումների. արվեստագետներ
««Սասնա ծռեր» խմբի տղաներին համարում եմ հայրենասեր և զարմանում եմ, որ ոմանք, այդ թվում՝ որոշ մտավորականներ, նրանց անվանում են ահաբեկիչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողություններին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի գնալու Խորենացի փողոց, Լևոն Թոքմաջյանը նշեց, որ ինքը հարգում է Փաշինյանին, բայց զարմացած է, որ Նիկոլ Փաշինյանը նեղացել է և այլևս այնտեղ չի գնալու:
«Զարմանալի բան է՝ ինչից ես նեղացել, եթե դու համոզված ես, որ գնացել ես այնտեղ որպես միջնորդ ժողովրդի և ոստիկանության միջև, գնացել ես, որպեսզի արյուն չթափվի, զոհեր չլինեն, ինչից ես նեղանում: Մենք բոլորս պատասխանատու ենք ամեն ինչի համար»,- ասաց քանդակագործը:
Նա նաև անդրադարձավ Շարմազանովի այն հայտարարությունը, թե միայն բանակցությունների ճանապարհով պետք է հասնել իրավիճակի հանգուցալուծմանը, հիմա խաղաղության մասին պետք է մտածենք. «Լավ, շատ գովելի է, բայց ի՞նչ թեմայի շուրջ բանակցեք: Ես կարծում եմ՝ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը։ Օրինակ, ինչո՞ւ բռնեցին Սեֆիլյանին, ի՞նչ էր արել։ Մի հատ ատրճանակ ուներ, էն էլ իրանք են տվել՝ որպես գնդի հրամանատարի»:
Լևոն Թոքմաջյանը «Սասնա ծռեր» ջոկատի տղաների արածը բնորոշեց որպես հոգու ճիչ:
Երգահան Լիլիթ Պիոպոյանն էլ նկատեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց կյանքի գնով հարց են բարձրացրել:
«Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ինչպես էլ հարցը լուծվի՝ իրենք զոհ են գնալու, իրենք մահապարտի նման նստել են, կյանքի գնով հարց են բարձրացրել և պետք է այդ հարցը լսվի՞, թե՞ ոչ: Ես գտնում եմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, իշխանությունների վարկանիշը չի իջնի, եթե գնան բանակցությունների, որոշ զիջումների»,- նշեց Լիլիթ Պիպոյանը:
«Բողոքում են շատերը, գործում՝ քչերը: Եւ քչերից են այդ տղաները, որոնց պարտական ենք միայն նրա համար, որ հիմա ունենք Արցախ»,-իր խոսքն այսպես սկսեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
«Տեսեք, Պավլիկը իր հետ տարել է իր տղային, բայց որ մեկս մեզ հետ մեր երեխային կտանեինք: Եթե դու քո զավակին տանում ես քեզ հետ՝ նշանակում է, որ դու այլևս ոչ մի ելք չես տեսնում»,- նշեց Լալա Մնացականյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է իշխանությունների լռությունը:
Բանախոսները կարծում են, որ տղաների այդ քայլը կապված է նաև ազատագրված տարածքներ հանձնելու հետ։
«Եթե մի թիզ հող հանձնենք, ապա ամբողջը կհանձնենք։ Արցախը հանձնել՝ նշանակում է հանձնել Հայաստանը»,- ասացին նրանք:
Իսկ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ նրանց, բանակցություններն են ու ճիշտ որոշումներ կայացնելը:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ Հայաստանը սադրանքի մեջ է. Ռուբեն Գևորգյանց
- «Բռնությունը, բերման ենթարկումը ավելի շատ է բորբոքում մեր ժողովրդին»
- Մի խումբ մտավորականներ դիմել են Ժիրայր Սեֆիլյանին
- Մի արեք, սա սխալ է, սրանով որևէ բան չեք փոխի. Ռուբեն Բաբայան
- Ագրեսիաներն արդարացնելը մեծ չարիք է մեր ապագայի համար. Է.Միլիտոնյան