ՀԲ պատվիրակության հետ քննարկվել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման խնդիրը
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը»,-այս մասին նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը: ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 ծրագրի ընթացքը:
Ըստ նախարարի՝ հաջողություններն ամրապնդելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաև ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը:
Հանդիպման անդրադարձ է կատարվել նաև անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարևորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման խնդրին:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով: