Վիտալի Բալասանյան. Ժիրայր Սեֆիլյանն ու զինված խմբի անդամների մի մասը չեն պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը
«Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի»,-զինված խմբի կողմից զավթած ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով բանակցություններում միջնորդի դեր է ստանձնել:
«Սա իմ հայրենիքն է, զինված տղաների մեծամասնության հետ պատերազմի ժամանակ մենք միասին ճանապարհ ենք անցել: Ես չէի կարող չլինել այստեղ»,-ասաց նա:
Բալասանյանի խոսքով, բանակցություններում միջնորդ հանդես գալու խնդրանքով իրեն որևէ մեկը չի դիմել. «Դա իմ պարտականությունն եմ համարում»:
Անդրադառնալով զինված խմբի անդամների պահանջներից մեկին՝ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելուն, ապա Վ. Բալասանյանը հայտնեց իր անձնական կարծիքը. «Քաղբանտարկյալներ հասկացողություն ընդհանրապես Հայաստանում չկա, ժողովուրդ ջան, դա իմ անձնական կարծիքն է: Ովքեր ասում են, որ կան քաղբանտարկյալներ, թող հիմնավորեն ի լուր աշխարհի»:
Արցախի ազգային հերոսն ասաց, որ հանդիպում է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ, քննարկել զենքերը վայր դնելու հարցը. «Սեֆիլյանը շատ դրական է արձագանքել, բայց Սեֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, երևի պատկան մարմինները կպատասխանեն»:
Նա ասաց, որ դրանց վերաբերյալ մանրամասներ ներկայացնել չի կարելի:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, Բալասանյանն ասաց, որ ինքն ու խմբի անդամներից մի քանիսն այդ առումով տարաձայնություններ կան: Նրա խոսքով, Ժ. Սեֆիլյանն ու խմբի անդամներից մի քանիսը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից.
«Ես պաշտոնապես կարող եմ ասել, որ կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Մեծամասնությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում, այս օրերին ձերբակալված մարդկանց ազատ արձակում, ինչպես նաև ձերբակալությունների դադարեցում»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ը հերքեցին հանձնվելու մասին լուրը
- Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը