Վեր ես դնում զենքդ այստեղ, գնում ենք. Զինված խմբի անդամի հայր
«Սասնա ծռեր» խմբի կազմում է 31-ամյա Էդգար Սողոմոնյանը, ում հայրն ու մայրը լրագրողների հետ մտել էին ՊՊԾ գնդի տարածք:
«Վեր ես դնում զենքդ այստեղ, գնում ենք: Ես խնդրում եմ որպես ծնող: Լավ մտածի, թե ինչ ես անում: Էլ չես տեսնի ինձ»,- դիմելով որդուն՝ ասաց հայրը: Մերուժան Սողոմոնյանը հաշմանդամի սայլակով էր:
Նա նշեց, որ իրեն որևէ մեկը չի ստիպել գալ այստեղ, ինքն իր երեխային է ուզում, եկել է տանի իր տղային:
«Դու խիղճ ունես: Ես վատ եմ՝ հասկանում ես: Հորդ խաթր՝ արի»,- որդուն ասաց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճանաչում եք Ժիրայր Սեֆիլյանին, Էդգար Սողոմոնյանն ասաց, որ լսել է նրա մասին, լավ անձնավորություն է:
Մայրն ասաց, որ նույնիսկ Ղարաբաղի տեղը չգիտի, որդին արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի»:
Է. Սողոմոնյանն ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ չի շփվել, բայց ճանաչել է:
«Ցանկացա ներկա լինել»,- նշեց նա:
Խմբի անդամները հայտարարում են, որ նա կարող է հեռանալ առանց որևէ խնդրի: