Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի վիրավորում ստացած Ռոլանդը նորից հիվանդասենյակ է տեղափոխվել
Ապրիլի 3-ին Թալիշում ողնաշարի ծանր վիրավորում ստացած զինծառայող Ռոլանդ Սահակյանին երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոլանդի մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը:
Նշենք, որ հունիսի վերջին Ռոլանդը կրկին տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն երեք օր հետո նրա մոտ բարդությունների էին առաջացել: Տիկին Հռիփսիմեն ասաց, որ խնդիրները կապված էին թոքերի հետ: «Ջերմություն ուներ, դրանից հետո Ռոլանդին վիրահատեցին ու նորից տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: էնքան շատ են խնդիրները...»,- ասաց մայրն ու հավելեց. «Էլի փառք Աստծո, որ երեխաս կողքիս է»:
Նշենք, որ երեք ամսվա ծառայող Ռոլանդը ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է դիրքեր բարձրանալու ճանապարհին: Այդ ժամանակ նա մեքենա վարելիս է եղել, հակառակորդի արկակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ ռմբակոծությունը չի դադարում, նույնիսկ ընդհակառակը, ավելի է ուժեղանում, փորձել է մեքենայից դուրս գալ, սակայն այդ պահին արկի պայթունից վիրավորվել է:
Ծանր վիրավոր Ռոլանդին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողը 6 վիրահատության է ենթարկվել՝ ողնաշարի, թոքերի, լեղապարկի, լյարդի: Վերջին վիրահատության ժամանակ Ռոլանդի ողնաշարից բեկոր են հեռացրել: Այսպիսով, հոսպիտալում գտնվելու շուրջ չորս ամիսների ընթացքում Ռոլանդը 7 վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատություններն այդքան չեն սահմանափակվում:
Տիկին Հռիփսիմեն ասաց, որ վերքերը դեռ ամբողջությամբ չեն լավացել, բացի այդ, տղան պառկելախոց ունի, որը պետք է վիրահատեն:
Նշենք, որ արդեն երկու ամիս է՝ Ռոլանդի հետ աշխատում են մերսող մասնագետներ: Օրական մի քանի ժամ մերսում են նրա մկանները:
«Մերսումներից հետո Ռոլանդը ոտքերը զգում է, թեթևակի սկսել է շարժել, հույս ունեմ, որ մի օր տղաս ոտքի կկանգնի»,- նշեց Ռոլանդի մայրը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
- Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան