Ռեժիսոր Արամ Շահբազյան. Բռնեցին տվեցին գետնին, թևս ջարդեցին, ճամփու դրեցին
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացված է Բուրգասի ֆիլմերի միջազգային փառատոնում, որը մեկնարկել է հուլիսի 22-ին: Փառատոնին ֆիլմը ներկայացնելու համար Բուլղարիա է մեկնել նաև ռեժիսորը՝ կոտրված ձեռքով:
«Հուլիսի 21-ին իմ ընկեր Հարութի տղա Հրաչիկին բռնել էին: Տեղյակ չէի, զանգեցի Հարութին՝ միասին սուրճ խմելու համար: Ասաց՝ Հրաչիկին բռնել են, ես քաղմասի դեմն եմ կանգնած: Ասացի՝ կփորձեմ մոտենալ: Գնացի, որ փորձեմ, ոստիկանները բռնեցին ու թևս ջարդեցին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա.Շահբազյանը:
Նա պատմեց, որ Երևանի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների կողմից ցանկացել է գնալ Էրեբունի ոստիկանական բաժին. «Ընդհանրապես Խորենացու ցույցերի հետ կապ չունեմ: Ես էի մենակ ու ոստիկանները: Հարցրեցի՝ կարո՞ղ եմ ոտքով բարձրանալ քաղմասի մոտ, ընկերս այնտեղ է: Ասացին՝ չէ: Մինչ զանգում էի Հարութին, որ ասեի՝ չեմ կարող գալ, ոստիկանները վատ էին խոսում հետս, անընդհատ բաներ էին ասում, ես էլ պատասխանում էի: Բռնեցին տվեցին գետնին, թևս ջարդեցին, ճամփու դրեցին»:
Ռեժիսորը դիմել է հիվանդանոց, պարզվել է, որ կոտրվածք ունի: Այնուհետև դիմել է ոստիկանություն:
«Էրեբունու քննչականը զբաղվում է: Բոլոր գերատեսչությունները, ովքեր պետք է զբաղվեն, զբաղվում են: Մարդիկ հասկանում են, թե ով է, որ չէր կարող անշնորհք իրեն պահել»,- ասաց Արամ Շահբազյանը:
Նշենք, որ Ղրիմում այս տարի կայացած «Золотой Витязь» միջազգային 25-րդ կինոֆորումում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան) ֆիլմն արժանացել է «Золотой Витязь» մրցանակին: Ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել էր Գրան պրիի: Կինոնկարը 2015-ին մասնակցել էր նաև երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակի՝ «Ֆիպրեսի մրցույթ» և «Էկումենիկ մրցույթ» անվանակարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին