Երևանում կեսարյան հատումով զույգ երեխա ունեցած ծննդկան է մահացել
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս գիշեր 44-ամյա ծննդկան է մահացել, որն այնտեղ էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ 44-ամյա կինը հղիացել է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հղիությունն ընթացել է հարթ, հսկվել է չափորոշիչներին համապատասխան։ Տարիքի և օժանդակ տեխնոլոգիաների կիրառման և տարիքի գործոնով պայմանավորված «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատման ճանապարհով, որը նույնպես ընթացել է առանց բարդությունների։
«Հետվիրահատական շրջանում եղել է արյունահոսություն։ Կոնսերվատիվ բուժումն արդյունք չի տվել, ինչի հետևանքով կատարվել է արգանդի հեռացում։ Սակայն նկատվել է արյան մակարդելիության անկում, հետագայում` բացակայություն։ Բազմապրոֆիլային մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով ծնդդկանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք։ Այստեղ ևս իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ընդհուպ` ամենաժամանակակից, թանկարժեք դեղամիջոցի օգտագործում, սակայն, հուլիսի 23-ին, ժամը 1.30-ի սահմաններում արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Ըստ գլխավոր գինեկոլոգի՝ մահվան պատճառները պարզելու նպատակով ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Նշենք, որ այս առնչությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում նշված է.
«Հուլիսի 21- ին «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։
Պլանային կարգով կինը 21․07․2016թ․ ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։
Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման և կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հետվիրահատական շրջանում իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, արյունահոսությունը դադարել է, վիճակը կայունացել, սակայն հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Իրականացվել են կրկնակի խորհրդակցություններ առաջատար մասնագետների՝ հեմատոլոգի, նեֆրոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, ինտենսիվ թերապիան շարունակվել է։ Զուգահեռ որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ երկու բժշկական կազմակերպության տնօրենների փոխհամաձայնությամբ։
Կինը հուլիսի 22-ին տեղափոխվել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է բուժումը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Նախնական տվյալներով կինը մահացել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի պատճառով (արյան մակարդելիության ծանր խանգարում):
«Շենգավիթ» ԲԿ-ի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին ու մերձավորներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան