Լարիսա Ալավերդյան. Զգույշ եղեք այն հին դեմքերից, ովքեր հիմա հանդես են գալիս այդ հարթակում
«Վերջին երկու օրվա և դրանից առաջվա զարգացումները հանգեցնում են մտքի, որ վտանգը, որ Երևանում կարող է լինել արյունահեղություն, առկա է և կա, թեև երկու կողմն էլ հայտարարում է՝ գործողությունները միտված են լինելու միայն խնդրի անարյուն լուծմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Ըստ նրա, պատճառներից մեկն այն է, որ ավելորդ սրացումներ են մտցնում ի լրումն եղած հսկայական սրացման:
«Նկատի ունեմ բռնությունները, հալածանքները, որոնք գործադրվում են մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցում են Խորենացիում տեղի ունեցող գործողություններին»,- նշեց նա՝ հավելելով, որ քրեական գործեր են հարուցվում այն մարդկանց նկատմամբ, ում նկատմամբ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Նրա կարծիքով, այդպես կոծկում են բռնության ենթարկած քաղաքացիների նկատմամբ առկա բռնությունը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրեն ամենաշատն անհանգստացում է այն, թե ինչպես են վարվում քաղաքացիների հետ:
«Եթե անգամ ամենասուրբ գործն ես անում, արդյո՞ք կարելի է մարդկային արժանապատվությունը նվաստացնել, զանգվածային ծեծ իրականացնել»,- նշեց նա՝ հավելելով, որ բավականին կոշտ և անընդունելի վերաբերմունք է ցուցաբերվել թե միջազգային իրավունքի տեսակետից, թե Հայաստանի Սահմանադրության, օրենսդրության տեսակետից:
Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ պետք է դադարեցվեն ոստիկանության կողմից բռնությունները, պետք է հասարակությանն իրազեկել, թե ոստիկանների կողմից այս օրերին մարդու իրավունքների ինչ խախտումներ են եղել, գործողությունները լինեն թափանցիկ:
«Պետք է դադարեցվի մարդու իրավունքների ոտնահարումը»,- նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը նաև ասաց, որ պետք է գնահատել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի այս օրերին կատարած գործը, որի արդյունքում այսօր պատանդներ այլևս չկան:
Հապարակախոս Կարինե Հակոբյանի խոսքով, իշխանությունն ուժեղ է ոչ թե իր ոստիկանությամբ, պատժիչ միջոցներով, այլ ուժեղ է, երբ չի վախենում, որ իր մասին կմտածեն՝ թույլ է:
«Եթե այսօր իշխանությունը գնում է ընդառաջ, խոսելու է ոչ թե թուլության, այլ ուժի մասին: Միայն ուժեղները, մեծահոգիներն են ընդառաջ գնում հասարակությանը»,- ասաց նա:
Վարդան Հարությունյաննը նշեց, որ ստեղծված իրավիճակում հանցուցալուծումը, միանշանակ, պետք է լինի խաղաղ, պետք է հասնել իշխանություններից խոստման, որ հուլիսի 17-ից սկսած այս գործի համատեքստում կալանավորված բոլոր մարդիկ ազատ արձակվեն, անօրինակ հրաման արձակողները պատժվեն:
«Զինված խմբի անդամներն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ստեղծվել է իրենց կողմից, իրենք զենքով փորձում են մտնել քաղաքականության մեջ, ինչը ողջունելի չէ, թե իրենց, թե իշխանությունների կողմից արվեն հստակ քայլեր, որ մեր երկրից լարվածությունը հանվի»,- նշեց իրավապաշտպանը:
Կարինե Հակոբյանի խոսքով, այս շարժումը սկսվել է զինվածով, այժմ պետք է փոխակերպվի քաղաքացիական շարժման:
Լարիսա Ալավերդյանը շարունակեց. «Զգույշ եղեք այն հին դեմքերից, ովքեր հիմա հանդես են գալիս այդ հարթակում, որոնք ոտքից գլուխ բարոյական իրավունք չունեն ընդհանրապես խոսել երկրի բարեփոխման մասին, նրանք արդեն մի անգամ ապացուցել են: Զգույշ եղեք, որ չկրկնվեն նույն սխալները. գալիս են հերոսական կոչերով, բայց հետագայում այդ նույն գաղափարները զավթում են պղտոր, ամենևին հասարակական, քաղաքական շահով չմտահոգված մարդիկ:
Անպայման եղեք զգոն, զգույշ, թույլ չտանք, որ ևս մեկ անգամ բերվի նրան, որ մենք այսպես ողջունում ենք, ոգևորվում ենք, հետագայում գալիս են նույն անձիք, ովքեր քանդել են երկիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները