Գաբրիել Ղազարյան. «Ձեր մեջ է Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ուղերձ է հղել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին` հաջողություն մաղթելով Ռիոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Սիրելի´ օլիմպիականներ, շնորհավորում եմ ձեզ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացելու պատվին արժանանալու կապակցությամբ: Այսօր ձեզ՝ որպես հայրենիքի արժանավոր զավակների, հնարավորություն է ընձեռվել մեր երկիրը ներկայացնելու քառամյակի ամենահեղինակավոր մարզական ստուգատեսում:
Դուք հայկական մարզաշխարհի այն 33 ներկայացուցիչներն եք, որոնց յուրաքանչյուր հաղթանակն այս խաղերում ողջ հայ ազգի հաղթանակն է լինելու, որոնց ձեռքբերումներից ազգովին ենք ուրախանալու և ցնծալու: Հիշե՛ք այս մասին:
Վստահ եմ ձեր կամքի և համառության վրա, վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ լավ ելույթ ունենալու և օլիմպիական պարգևների արժանանալու համար:
Սիրելի´ մարզիկներ, համոզված եմ, որ հենց ձեր մեջ է Հայաստանի Հանրապետության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Հորդորում եմ ձեզ լսել ձեր մարզիչներին, հետևել նրանց բոլոր խորհուրդներին, և թող մարզական բախտը բարեհաճ լինի ձեր նկատմամբ: Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ եմ մաղթում բոլորիդ»,- ասել է Ղազարյանը: