Ինչ պետք է իմանալ ուղևորությունից առաջ Զիկա տենդի մասին
Հանրային առողջապահության համար Զիկա տենդը նոր հիմնախնդիր է, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում։
Հիվանդության հարուցչի հիմնական փոխանցողը Aedes aegypti տեսակի մոծակն է, որը Հայաստանում չի հայտնաբերվել։ Զիկա հիվանդության ախտանշաններն են՝ տենդ, ցան, ցավ մարմնի տարբեր հատվածներում։ Ախտանշանները տևում են 1 օրից մինչև 1 շաբաթ։
Նշենք, որ հիվանդությունը ծանր ընթացք չունի և մահացու դեպքերը հազվադեպ են, սակայն հղի կանանց և նորածինների համար կարող է մահացու լինել կամ առաջացնել նորածնի արատներ։
Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել, նաև չկան հիվանդության դեմ կանխարգելիչ դեղեր: Ուստի, հղիներին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են հղիանալ, խորհուրդ է տրվում խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ մեկնելուց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, եթե հղի կանայք նշում են 2 շաբաթվա ընթացքում ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, նշում են նաև Զիկա տենդի 2 և ավելի ախտանշան, անհրաժեշտ է գերձայնային հետազոտությամբ մշտադիտարկում իրականացնել պտղի ներարգանդային աճի գնահատման, միկրոցեֆալիայի վաղ հայտնաբերման, ինչպես նաև ուղեղի հյուսվածքում կալցիֆիկատներ հայտնաբերելու նպատակով: Հղիների պատվաստման կամ մասնահատուկ բուժման բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր հիվանդության պատմության մեջ նշում են ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, հղիության ընթացքում ենթակա են նաև վարակաբանի հսկողության:
Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարևոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց:
Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում մթնշաղին, երեկոյան և գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր:
Միջատավանիչ նյութերն անվտանգ են բոլորի համար՝ ներառյալ հղի և կերակրող մայրերի: Դրանք կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը ևս կպաշտպանի մոծակներից:
Այն տարածքներում, որտեղ հայտնաբերվում է Զիկա տենդի փոխանցողը, իրականացվում են պայքարի համակարգված միջոցառումներ` ելնելով տարածքի միջատաբանական, էկոլոգիական, համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակից:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Զիկա վիրուս է հայտնաբերվել մոտ 400 հղի կնոջ մոտ
- Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա