Քաշաթաղում ՀԷԿ-եր են կառուցվում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Քաշաթաղի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի և Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:
Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարևորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այնուհետև Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները և զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին և բերքահավաքի ընթացքին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: