Շանթ Խաչատրյանը` ոսկե մեդալակիր
Ստոկհոլմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ 33 երկրի 285 ըմբիշներ երկօրյա պայքարում 10 քաշային կարգերում վիճարկեցին ստուգատեսի 40 մեդալները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, պատասխանատու այս մրցաշարին գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մասնակցեց պատանի 13 ըմբիշ, որոնցից 5-ին հաջողվեց դառնալ մրցանակակիր` 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Մրցումային 1-ին օրը 42, 50, 58, 69 և 85 կգ քաշային կարգերում խաղարկված 20 մեդալներից 4-ը բաժին հասավ մեր ներկայացուցիչներին: Փայլուն հանդես եկած ու համոզիչ հաղթանակներ տոնած հանրահայտ ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին՝ Մալխաս Ամոյանը, իրեն հավասարը չունեցավ 69 կգ քաշային կարգում ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Նախօրեին փոխչեմպիոններ դարձան ու արծաթե մեդալներ նվաճեցին Ալբերտ Եղիկյանն (69 կգ) ու Սամվել Գրիգորյանը (50 կգ), իսկ Արթուր Գալստյանին (50 կգ) էլ բաժին հասավ բրոնզե պարգևը:
54 կգ քաշային կարգի 30 ըմբիշների մրցապայքարին մասնակցած Շանթ Խաչատրյանն իր ճանապարհին մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ տոնեց Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի պատվիրակների նկատմամբ: Շանթը եզրափակչի վճռորոշ գոտեմարտում ևս անկասելի էր ու համոզիչ առավելությամբ՝ 7:0 հաշվով պարտության մատնելով նաև Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլուն՝ Հայաստանի ընտրանուն պարգևեց 2-րդ ոսկե մեդալն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ուշագրավը թերևս այն է, որ Խաչատրայանը, իր վերջին 3 գոտեմարտերում՝ քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում և եզրափակչում, ընդհանուր առամաբ վաստակեց 24 միավոր և իր 3 մրցակիցներին ոչ մի միավոր թույլ չտվեց վաստակելու:
Մեդալների հաշվարկով հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականը 33 երկների ընտրանիների պայքարում, հետ մանալով միայն Ռուսաստանի հավաքականից, գրավեց 2-րդ պատվաբեր հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ստոկհոլմում ընթացած ազատ ոճի ըմբշամարռի 2016 թ. Եվրոպայի առաջնությունում հանդես եկած Հայաստանի 19 պատվիրակներից 6-ին հաջողվել էր մրցանակակիր դառնալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ ու գրավել թիմային 3-րդ տեղը:
Շվեդիայում գրանցված արդյունքները մեկ անգամ ևս վկայում են, որ մեր հանրապետությունում հենակետային համարվող մարզաձևի՝ ըմբշամարտի հերթափոխը բավական հուսադրող է: