ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք և պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ:
Այսպես, ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա և կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա:
Հիշեցնում ենք, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը և խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով և առաջացրած հետևանքների ծանրությամբ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից:
Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կից տարածել է նաև տեսանյութ, որը հասանելի է այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին
- ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն
- Շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՀՀ իրավապահները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ