ԱՆ. Զինված խմբի վիրավոր անդամին առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց
«ՀՀ առողջապահության նախարարությունը և առողջապահական ողջ համակարգը հուլիսի 17-ից ի վեր մշտապես պատրաստակամ են եղել և արել են ամեն հնարավորը, այսօր էլ շարունակում են մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բուժօգնության կարիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»: Նման հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է.
«ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվել և տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։ Նախարարությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը։ Տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը և վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված զեզոք գոտում զենքի առկայությունը և դրա գործածումը, կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը և խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը:
Նկատի առնելով, որ բուժօգնությունը կազմակերպվում է ամբուլատոր, ստացիոնար և շտապօգնության միջոցով, տվյալ դեպքում, ստեղծված իրավիճակից ելնելով` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։
Տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության` կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։
Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից:
Մեկ անգամ ևս խնդրում ենք զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել»: