Քաղաքագետի վերլուծություն. Ճամփաբաժան, որից կախված է բոլորիս ապագան
Արդեն 7 օր շարունակ Ոստիկանության ՊՊԾ գունդը շարունակում է մնալ զինված խմբի հսկողության տակ: Թեև բոլորը, այդ թվում զինված խմբի անդամներն ու իշխանությունները բանավոր հայտարարություններում խոսում են խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության մասին, սակայն առայժմ ելքերը տեսանելի չեն: Տպավորություն է, որ գործընթացի բոլոր մասնակիցները չեն գիտակցում իրավիճակի ֆորս-մաժորային բնույթն ու փորձում են իրենց շահերն իրացնել ստանդարտ ռեժիմում: Մինչդեռ իրավիճակը չափազանց լուրջ է, և կշեռքի նժարին դրված է Հայաստանի՝ որպես պետության, հայերի՝ որպես հասուն հասարակության, ապագայի հարցը:
Խնդիրն, ըստ ամենայնի, տեղի ունեցածին տրվող բնորոշումների, փաստերի իմաստավորման մեջ է: Ավելի ճիշտ՝ դրանց բացակայության: Ուստի հանգուցալուծումն ու դրա հնարավոր արդյունքները գնահատելու համար, անհրաժեշտ է մի քանի հարցերի հստակ պատասխան տալ: Առաջին հարցը, որ պետք է հնչեցնել՝ ի՞նչ է տեղի ունեցել:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն իրենց գործողությունը որակել են «զինված ապստամբություն»: Իհարկե, կարելի է բանավիճել, թե ի՞նչ բան է ապստամբությունը, և արդյոք տեղի ունեցածը հնարավոր է տեղավորել «ապստամբություն» տերմինի սահմանման մեջ, սակայն փաստ է, որ նման իրադարձություններին վերջնական գնահատական տալիս է պատմությունը. որպես կանոն, եթե բունտը հաջողում է, պատմությունն այն անվանում է «հեղափոխություն», իսկ եթե ոչ՝ «ահաբեկչություն»:
Ձևական առումով տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն չէ, այդ մասին անհրաժեշտ պարզաբանումն օրերս մասնագետն է հնչեցրել: Սակայն մյուս կողմից դժվար է այն անվանել «զինված ապստամբություն», քանզի մենք չենք տեսնում այդ իրավիճակին բնորոշ մի շարք էլեմենտներ. օրինակ՝ պարտիզանական պայքարը, լայն ժողովրդական աջակցությունը (այս մասին կխոսեմ հաջորդիվ) և այլն:
Պատմությունը և անգամ գեղարվեստական գրականությունը մեզ սովորեցնում են, որ ապստամբները գործում են իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքի ռեսուրսների, բնակչության աջակցության կամ նույնիսկ շահագործման շնորհիվ: Նրանք երբեք չեն ակնկալում այն իշխանության աջակցությունը, որի դեմ դուրս են եկել: Օրինակ, դժվար է պատկերացնել կոլումբիացի ապստամբների դժգոհությունն առ այն, որ կենտրոնական իշխանություններն իրենց զրկել են կապից ու էլեկտրականությունից, ավելին՝ սնունդ ու ջուր չեն մատակարարում: Համաձայնեք, որ Աուրելիանո Բուենդիան նման քայլի չէր գնա: Իսկ ահա «Սասնա ծռերն» այլ վարքագիծ են դրսևորում: Նրանք ոչ միայն ակնկալում են, պահանջում են և (երբեմն) ստանում սնունդն ու այլ անհրաժեշտ ռեսուրսներ, այլև չեն դժգոհում, որ այդ սնունդը մատակարարվում է «Երևան սիթի» մակնշմամբ պոլիէթիլենային տոպրակներով:
Շեղվելով բուն թեմայից, պետք է նշեմ, որ այն բառապաշարը, որ զինյալներն են օգտագործում, ենթադրում է որոշակի սկզբունքայնություն. եթե Լֆիկների դեմ ես պայքարում, գոնե բարի եղիր պահանջ դիր, որ մատակարարումները Լֆիկի խանութից չլինեն: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ձեր գործողություններով հանրային միջոցներն (պետության, թե քաղաքացիների, էական չէ) ուղղում եք Լֆիկի գրպանը: Բայց սա հարցի միայն ծիսական կողմն է: Բովանդակությունը շատ ավելի խնդրահարույց է, որին կանդրադառնամ:
Իմ պատկերացմամբ, իրական զինված ապստամբությունն Օսմանյան կայսրությունում էր, որտեղ մոտ մեկ դար առաջ իրական Սասնա ծռերը և այլ հայորդիներ լեռներում դիրքավորվում և մարտնչում էին թուրքական կառավարական զորքերի դեմ, և սնուցվում էին հայրենակիցների կողմից: Որքան հիշում եմ՝ Սասունում, Մուշում, Վանում և այլուր ապստամբները երբեք չեն մնացել կառավարության հույսին:
Պատմությունից ես չեմ մտաբերում ապստամբության մի փորձ, երբ ապստամբների հույսը լինի իրենց իսկ թիրախը, իսկ միակ գործիքը՝ շանտաժը: Հետևաբար՝ սա ապստամբություն չէ: Աստված մի արասցե, գուցե իրադարձությունները զարգանան այնպես, որ հետագայում գործ ունենանք ապստամբության, հեղափոխության, նույնիսկ քաղաքացիական պատերազմի հետ, բայց այսօր՝ իրերի ներկայիս դրությամբ, մենք գործ չունենք ապստամբության հետ: Լավագույն դեպքում սա ապստամբության փորձ է:
Իսկ եթե թարգմանենք իրավական լեզվի, կստացվի, որ գործ ունենք քրեական բնույթի գործողության՝ հանցագործության հետ, որի բնորոշումը մինչ օրս դեռ տրված չէ: Չի բացառվում, որ պետությունն առայժմ խուսափում է իրավական գնահատական հնչեցնելուց՝ պարզապես հաշվի առնելով իրավիճակի նուրբ լինելը: Ի վերջո, եթե այդ գնահատականը տրվի, դա կարող է զինված խմբի անդամների համար որոշակի անցանկալի գործողությունների խթան կամ ցանկալի վարքագծի խոչընդոտ դառնալ:
«Սասնա ծռերի» և խմբի յուրաքանչյուր անդամի գործողություններին տրված ու տրվելիք բնորոշումներից զատ, ակնհայտ է, որ ակցիան քաղաքական բաղադրիչ ունի: Մասնակիցները քաղաքական բնույթի պահանջներ են դնում, որոնք կիսում են կամ չեն կիսում ՊՊԾ գնդի պատերից դուրս գտնվող և ամենատարբեր կողմնորոշում ունեցող բազմաթիվ կազմակերպություններ ու գործիչներ:
Սակայն, կարճ ժամանակ անց, պարզ դարձավ, որ ոչ ներսում, ոչ դրսում հիմնական դերակատարները չունեն գործողությունների հստակ ծրագիր և վերջնագրից դուրս այլ լուծումներ ու նույնիսկ վերջնագրի կատարումից հետո հաջորդիվ գործողություններն այնքան էլ հստակ չեն: Մի խոսքով՝ չկա ծրագիր:
Փողոցում այս օրերին ծավալվել է քննարկում, որը նպատակ ունի գործողությունների որոշակի պլան մշակել: Սակայն իրադարձությունների ընթացքը վկայում է, որ երկրում քաղաքական ընդդիմության ֆրագմենտացիան ու ատոմիզացիան նման պլանի հնարավորությունը հավասարեցնում են զրոյի:
Տվյալ դեպքում ֆրագմենտացիա ասելով՝ նկատի ունեմ դաշտի բաժանվածության ու ներքին տարաձայնությունների այն խորությունը, որ թույլ չի տալիս քաղաքական նույն նպատակն հռչակող, բայց տարբեր կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին կանգնել միևնույն հարթակում: Իսկ ատոմիզացիան ռեսուրսների սակավությունն է: Ըստ որում՝ առաջին հերթին մարդկային ռեսուրսների: Այս օրերին նկատելի դարձավ, որ հրապարակում հավաքի կոչ անող կազմակերպիչներն ի վիճակի չեն անգամ շուրջօրյա ելույթներ ունենալ: Մինչդեռ նման ակցիաներն առանց այդ կոմպոնենտի մարվելու միտում ունեն՝ անկախ ամեն ինչից:
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հարթակում կանգնածներն ի վիճակի չեն գեներացնել քաղաքական օրակարգ և քաղաքական ծրագիր, իսկ ներսում գտնվողները հայտնվել են պատային վիճակում, քանզի առանց քաղաքական օրակարգի բանակցություններն ընթանալու են բացառապես քրեական օրենսգրքի շրջանակներում:
Խնդիրն այն է, որ առանց փողոցի, ՊՊԾ գնդում գտնվողներն, անկախ նպատակներից, մոտիվներից ու ցանկություններից, ձևական առումով քաղաքական հարթության մեջ չեն:
Մի կողմ թողնենք այն հայտնի սկզբունքը, որ քաղաքական գործընթացում բռնությունը տեղ չունի: Այսինքն՝ երբ ասելիքն արդարացնում ու հիմնավորում ես զենքով, բռնությամբ, քաղաքականությունն այլևս սպառված է: Ալ Կապոնեն ասում էր՝ «բարի խոսքով ու ատրճանակով ավելիին կհասնես, քան միայն բարի խոսքով»: Բայց ընդունեք, որ Ալ Կապոնեի գործունեության դաշտն այլ էր և ընկնում էր քրեական օրենսգրքի, այլ ոչ թե՝ սահմանադրական կարգավորումների դաշտում: Եվ եթե տուրք պետք է տանք բռնությանն ու զենքը դարձնենք խնդիրների լուծման գործիք, ապա պետք է հաշիվ տանք մեզ, որ կառուցվելիքը լինելու է 30-ականների «կոզա նոստրայի» նման մի բան, որտեղ յուրաքանչյուրն իրականացնելու է իր արդարադատությունը՝ իր պատկերացումներով ու մեղավորների սեփական ցուցակով: Եվ բնական է, որ հաջողակ օրինակի վարակիչ լիենլու սկզբունքով նման խմբեր ու խմբավորումները կսկսեն սնկի պես աճել՝ դրանից բխող բացասական հետևանքներով:
Ակնհայտ է, որ ոչ մի պետություն սա հանդուրժել չի կարող:
Պատկերն ամբողջական չի լինի, եթե քննության չառնենք նաև ստեղծված իրավիճակում քաղաքացիական հասարակության վարքը:
Գաղտնիք չէ, իհարկե, որ Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները մեծ հաշվով ոչ միայն քաղաքականացված են, այլև ստեղծվել և գործում են կոնկրետ շահերի տիրույթում ու, մեղմ ասած, չեն համապատասխանում իրենց իսկ հռչակած կանոնադրական նպատակներին:
Հավանաբար, սա է պատճառը, որ իրավիճակին գնահատականը քաղաքականացված է և առկա է ջրբաժան. Հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու այլ գործիչների, նաև լրատվամիջոցների գնահատականներն ու գործողություններն ունեն հստակ ջրբաժան՝ համակրո՞ւմ են «Սասնա ծռերի» ակցիային, թե՞ ոչ:
Նրանք, ովքեր տեսնում են ոստիկանների կողմից բռնության դրսևորումները, աննկատ են թողնում ցուցարարների ագրեսիվությունը, և հակառակը: Ովքեր տեսնում են Վիտալի Բալասանյանի կոշտությունը, աչք են փակում զինյալների ոչ ադեկվատ պահվածքի վրա: Ովքեր միանշանակ դատապարտում են զինյալների արարքը, միևնույն է, համառորեն հրաժարվում են խոսել այն խնդիրների մասին, որոնք գոնե առերևույթ ներկայացվում են որպես պատճառ:
Արդյունքում հասարակությունը պառակտված է, և ցավալին այն է, որ այս օրերին չկան այնպիսի հեղինակություններ, ովքեր հրապարակավ կգծեն չարի ու բարու սահմանները, թույլատրելի ու բոլորի համար ընդունելի վարքի նորմ կառաջարկեն: Սա արդեն խոսում է արժեքների ճգնաժամի մասին:
Տեսեք՝ զինյալներից մեկն ասում է՝ «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում», ու ոչ միայն նրանից պարզաբանում չենք ուզում, այլև ինքներս մեզ հարց չեն տալիս, իսկ զոհն ուզու՞մ էր դառնալ զոհ: Ավելին՝ մեզանից ոչ ոք չի ուզում մտքի ծայրով անցկացնել՝ իսկ անձամբ ես պատրա՞ստ եմ դառնալ այդ զոհը: Եթե ոչ, ապա ինչ բարոյական իրավունքով եմ որոշում, որ ինչ որ մեկն իր կամքից անկախ պիտի զոհ դառնա, ու ես հպարտանամ եղած ձեռքբերումով: Ի վերջո «Մի սպանիր» Աստվածաշնչից մինչև Սահմանադրություն գրված է մեծատառով, և ոչ ոք իրեն չպիտի իրավունք վերապահի մյուսին զրկել կյանքից հանուն ինչ-որ վեհ գաղափարի: Ու ցավալի է, որ այս մասին ոչ ոք չի բարձրաձայնում:
Նախկին օմբուդսմենն ու ներկա իրավապաշտպանը, հարթակը գրավածն ու թերթի խմբագիրը, բազմաթիվ օգտատերեր ու քաղաքացիներ խոսում են անթաքույց հիացմունքով, բերում են արդարացումներ, ու քիչ թե շատ հեղինակություն ունեցող որևէ մեկը չի համարձակվում իրերն իր անունով կոչել: Վիտալի Բալասանյանն առանց որակումների, ընդամենը գործողությունների մակարդակում քայլ արեց, ու վայրկենապես հերոսից վերածվեց հակահերոսի: Այս իրավիճակում ոչ ոք աչքի ընկնելու ցանկություն չի ունենա: Մինչդեռ հենց այս պահին մենք գտնվում ենք ճամփաբաժանի վրա, և մեր ընտրությունից է կախված լինելու՝ ինչպիսի հասարակություն ենք կերտելու.
Կամ դա կլինի արևմտյան տիպի, որտեղ շատերը համակրում էին Բրեյվիկի գործողությունն ու լուռ էին մնում, որովհետև գիտակցում էին՝ կատարվածը քրեական հանցագործություն է:
Կամ էլ դա կլինի արևելյան տիպի, որտեղ շատերն համակրում են հերթական իսլամիստի բռնարարքն ու հրապարակավ արդարացնում և վրեժխնդրության կոչեր տարածում:
Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ մենք գնում ենք երկրորդ ուղղությամբ: Առաջինն ունենալու համար նախ պետք է եղածին ճիշտ գնահատական տրվի, և հետո կազմվի քաղաքական հստակ ու իրացվելի օրակարգ:
Արմեն Մինասյան, քաղաքագետ