Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը թողակել է գովազդային հոլովակ՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսին, որը բացվելու է հուլիսի 29-ին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Պրոմո հոլովակում ներկայացված է նկարչի կյանքի վերջին րոպեն՝ «Թուրքական նավի պայթյունը» կտավի վրա աշխատելիս: Տեսանյութի ընթացքում հնչում է ականավոր ռուս բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունը:
Նկարիչը մահացել է 83 տարեկանում Թեոդոսիայում՝ իր տանը, մոլբերդի առջև նստած:
Նկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացվելու է նկարչի ավելի քան 100 կտավ, նաև արխիվային նյութերը, անձնական իրեր և նամակներ:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահը նախատեսում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել
- Ղրիմն Այվազովսկու 38 կտավ տվել է Տրետյակովյան պատկերասրահին
- Տրետյակովյան պատկերասրահը հանուն Այվազովսկու ցուցահանդեսի առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կիրառում
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին