Հնդիկ ակտիվիստը որոշել է դադարեցնել 15 տարի շարունակվող հացադուլը
Հնդիկ քաղաքացիական ակտիվիստ Իրոմ Շարմիլան հայտարարել է, որ մոտակա օրերին կդադարեցնի հացադուլը, որը շարունակվում է ավելի քան 15 տարի, և կմասնակցի ընտրություններին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Indian Express-ին:
44-ամյա կնոջ խոսքով, նման որոշում է ընդունել, քանի որ այլևս չի հավատում, որ իր հացադուլը կարող է ինչ-որ բան փոխել: Շարմիլան հավելել է, որ մտադիր է շարունակել պայքարը և դրա համար կառաջադրի իր թեկնածությունը Մանիպուր նահանգի օրենսդիր մարմնի ընտրություններում: Հացադուլը դադարեցնելու է օգոստոսի 9-ին:
Ակտիվիստը հրաժարվել է ուտելուց և խմելուց 2000 թվականի նոյեմբերից, երբ 28 տարեկան էր: Իր գործողությամբ նա ցանկացել է հասնել զինված ուժերի հատուկ լիազորությունների մասին ակտի չեղյալ համարելուն: Համաձայն այդ օրենքի, հնդիկ զինծառայողները օգտվում են լրացուցիչ անձեռնմխելիությունից այն դեպքերում, երբ բանակային ստորաբաժանումները գործողություն են ծավալում ներքին հակամարտությունների ժամանակ:
Շարմիլայի՝ նման քայլի գնալու անմիջական պատճառը եղել էր 2000 թ. զինված ուժերի գործողությունն անջատողական խմբեր դեմ, որի արդյունքում զոհվել էր 10 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև երեխաներ:
Իշխանությունները մի քանի անգամ ձերբակալել են կնոջը` մեղադրելով ինքնասպանության փորձ կատարելու մեջ, ստիպողաբար կերակել, այնուհետև կրկին ազատ արձակել: