
Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն:
Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով: