ԻԻՀ նավթի նախարար. Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան
Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ 2018թ. վերջին ներկայում Հայաստան առաքվող գազի ծավալները երեք անգամ կավելանան, օրական 1 մլն. խմ. հասնելով 3 միլիոնի:
Ըստ «ԻՍՆԱ»-ի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լրագրողներին ասել է, որ Թեհրանում ունեցած հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը եղել է իրանական գազը Հայաստանի տարածքով առաքելու հարցը:
Իրանի նավթի նախարարն էլ, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին, մասնավորապես նշել է. «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան»: