Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
Ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում մասնավորապես ասված է. «Հուլիսի 25-ի երեկոյան՝ ժանը 20:00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում, պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել և այրել ևս երկու ավտոմեքենա: Այդ ընթացում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ:
Ժամը 1-ի սահմաներում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան, ընդհուպ մոտեցել շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և նրանում գտնվող զինված անձանցից անմիջապես բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա:
Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ: Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ: Ի պատասխան հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել: Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել դեպի տարածք:
Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են: Երկու վիրավորը՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդնացում, ստանում անհրաժեշտ բուժօգնություն»: