Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան
Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքերով՝ այս տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել են բանակցային շրջափուլեր փոխադարձ այցելությունների և տեսախորհրդակցությունների միջոցով:
«Ամսական մի քանի անգամ տեսախորհրդակցությունների միջոցով ոլորտային բանակցություններ ենք անցկացնում, հատկապես՝ առևտրի և ներդրումների մասով: Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս երկու բանակցային փուլ»,-ասաց փոխնախարարը:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ներկայումս չկա որևէ սուր հարց, որը խնդրահարույց լինի բանակցային գործընթացի տեսանկյունից: Ըստ նրա՝ առևտրի ու ներդրումների բաժնին վերաբերող ոչ բոլոր տեքստերն են տրամադրվել հայկական կողմին:
«Կան որոշակի հատվածներ, որոնք դեռևս ԵՄ-ից չենք ստացել, իսկ յուրաքանչյուր մաս, որ ստացվում է, դրվում է ներքին շրջանառության մեջ, քննարկվում է, ձևավորվում է բանակցային դիրքորոշում, որից հետո միայն հնարավոր է լինում անցնել ԵՄ գործընկերների հետ բանակցություններին»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ որոշակի հատվածներում կան համաձայնություններ, կան հատվածներ էլ, որոնց վերաբերյալ աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են:
Ինչ վերաբերում է բանակցությունների ժամկետների ավարտվին, Գարեգին Մելքոնյանն ասաց, որ ինքը երբեք ժամկետներ չի նշում:
Հարցին, թե Հայաստանն արդեն ունի բանակցությունների փորձ ԵՄ-ի հետ, արդյոք դա չի դյուրացնում ներկայումս կատարվող աշխատանքները, փոխնախարարն ասաց, որ, բնականաբար, որոշակի դյուրություն առկա է, քանի որ արդեն բանակցային գործընթաց ունեցել են , ԵՄ-ի հետ ճանապարհ են անցել, բայց այս բանակցային գործընթացն ունի իր յուրահատկությունը:
«Մենք հիմա շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու պայմանավորվածություն համադրում ենք նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Դա տեխնիկական ու մասնագիտական առումով աշխատանքներն առավել խորքային ու ծավալուն է դարձնում, որը շատ դեպքերում նաև ժամանակ է պահանջում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին