Այլոց գույքը հրկիզելու համար օրենքը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում
«Սասնա ծռեր» խմբի անդամներն անցած երկու օրերին հրկիզել են ՊՊԾ գնդին պատկանող չորս ոստիկանական մեքենաներ: Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ Panorama.am-ին պարզաբանումներ տվեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նա նախ ընդգծեց, որ կոնկրետ ՊՊԾ գնդում տեղի ունեցածին գնահատական տալուց ձեռնպահ կմնա, իսկ ընդհանրապես՝ տեղեկացրեց, որ խնդիրը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»: Մասնավորապես, հոդվածի 2-րդ կետով առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում, եթե «կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով», իսկ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում, եթե գործողությունն «առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»:
Ինչ վերաբերում է ոչնչացված կամ վնասված գույքի արժեքի փոխհատուցմանը, ապա փաստաբանի խոսքով հարցը քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում է. «Ցանկացած արարքի դեպքում, երբ վնաս է պատճառվում, տուժող կողմը քաղաքացիական հայցով այդ գումարի պահանջի իրավունքն ունի»,- նշեց նա:
Կոնկրետ ՊՊԾ գնդի տարածքում արձանագրված միջադեպերի հետ կապված փաստաբանը նշեց, որ հետևություններ անելու համար դեռ վաղ է:
«Այս դեպքում ես կոնկրետ ՊՊԾ գնդի տարածքի մեքենաների այրման հետ կապված չեմ ուզում ասել, որ դա հանցագործություն է կամ ում կողմից է դա կատարվել, քանի որ նպատակը հայտնի չէ: Օրինակ` քրեական օրենսգրքում կա ծայրահեղ անհրաժեշտության, անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտ, և տարբեր նման ինստիտուտներ կան, որոնք նախատեսում են, որ թեև արարքն առերևույթ հանցագործության է նման, բայց ինքը հանցագործություն չի համարվում: Այսինքն, տվյալ դեպքում արդեն կոնկրետ փաստական հանգամանքներից կերևա` ընդհանրապես կատարվե՞լ է հանցագործություն, թե՞ կատարվածն հանցագործություն չէ»,- նշեց փաստաբանն ու օրինակ բերեց. «Օրինակ՝ դա կարող է օգնության` SOS կանչելու նշան լինել կամ մեկ այլ բան: Դրանք արդեն կոնկրետ գործի փաստերով ապացուցման ենթակա հանգամանքներ են»:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ օրենսգիրքը տարբերակում չի դնում՝ արդյոք արարքը կատարվել է անհատի, թե՞ խմբի կողմից: