Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի բարձրագույն պարգև՝ Գրիգոր Երզնկացյանին
Իր բազմամյա գործունեության և վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր և բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի բարձրագույն պարգեւին՝ պատվավոր անդամի կոչմանը: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը
Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն և իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն:
Նա ծնվել է Եթովպիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգևների և նաև բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում:
Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո, վերադարձել է Աֆրիկա: Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ձևավորվել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարևոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը: Նա նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը:
Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում նա անդրադառնում է տեղային անզգայացման և կետամինի կարևորության, արյունավարակման և վնասվածքների կանխարգելման, ինչպես նաև Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին:
Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի /ԱԿՀԱՎՀ/ ստեղծմանը, որի շարժիչ ուժն է պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատև անդամն է. նաև եղել է համալսարանի փոխնախագահը, նախագահը և ներկայումս՝ ռեկտորը:
Նրա անսպառ էներգիայի և մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնել՝ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի և ներդրումի համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը:
2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ, ինչում կրկին մեծ է պրոֆեսոր Երզնկացյանի դերը: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել և համալրվել է նորագույն և ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաև Զիմբաբվեում, Զամբիայում և Ռուանդայում մեծ թվով թերապևտներ զարգացրել են իրենց գիտելիքները և ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին:
Պրոֆեսոր Երզնկացյանը պարբերաբար հաճախում է Հայաստան՝ վիրաբուժական և բարեգործական գործունեությամբ: