Էսհաղ Ջահանգիրի. Իրանը Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու որևէ սահմանափակում չի տեսնում
Իրանը Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու որևէ սահմանափակում չի տեսնում,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Իրանի նախագահի առաջին տեղակալն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարին, մասնավորապես ասել է. «Քաղաքական և մշակութային ոլորտում Իրանն ու Հայաստանն ունեն բարձր մակարդակի հարաբերություններ, հուսով եմ, որ նախարարի այցը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանը»:
Էսհաղ Ջահանգիրին հույս է հայտնել, որ միջուկային համաձայնությունից հետո երկկողմ տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն: Այդ առումով նա կարևորել է հատկապես բանկային ոլորտում համագործակցության խորացումը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լևոն Յոլյանը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Իրանի առևտրի, հանքերի ու արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեի հետ:
Նեմաթզադեն, անդրադառնալով ԵԱՏՄ-ի շրջանակներում Իրան-Հայաստան համագործակցության հեռանկարին, նշել է. «Մենք իրանցի արդյունաբերողներին հորդորել ենք, որպեսզի իրենց արտադրական գործունեության մի մասն իրականացնեն Հայաստանում, որպեսզի այնտեղից կարողանան իրենց ապրանքներն արտահանել ԵԱՏՄ շուկա»: