ԻԻՀ ՊՆ. Իրանի և ԱՄՆ-ի կապերը գառան ու գայլի հարաբերություններ են
Իրանն ի սկզբանե վստահություն չի ունեցել Միացյալ Նահանգների նկատմամբ,-իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով միջուկային համաձայնության կատարման ընթացքին, նշել է. «Միջուկային համաձայնության հետ կապված մենք ի սկզբանե Միացյալ Նահանգների նկատմամբ վստահություն չենք ունեցել: Իրանը երբեք չի հրաժարվել իր ներքին կարողությունը մեծացնելու մտադրությունից, քանի որ այն համոզմունքն ունի, որ քանի դեռ բռնության վտանգը կա, պետք է ավելի ուժեղանալ»:
Անդրադառնալով նավթի վաճառքի հետ կապված խնդիրներին՝ Հոսեյն Դեհղանը, նշել է. «Մինչ համաձայնությունը, 6 ամիսը մեկ նավթի վաճառքի 20 տոկոսն արգելափակվում էր: Նրանք, որոնք մեր նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել, այսօր մեր նավթի գնորդն են դարձել: Գումարի փոխանցման հետ կապված խնդիրներ կան, սակայն դա կապված չէ միջուկային համաձայնության հետ»:
Իրանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին, նկատել է, որ դրանք գառան ու գայլի հարաբերություններ են:
«Միացյալ Նահանգները մեծ սատանա է, մի՞թե հնարավոր է սատանայի հետ գործ ունենալ»,-հավելել է Հոսեյն Դեհղանը: