ՆԱՏՕ-ն կփորձի պահել Թուրքիային
Առկա պայմաններում ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի հեռացումը լիովին հնարավոր է,- անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե ժողովրդավարության հիմունքները խախտող Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի կազմից երկրի հեռացման` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս-գերմանական ֆորումի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
«Չէի կարծում, որ դա հնարավոր է, սակայն այժմ նման զարգացումը համարում եմ իրատեսական»,- նշել է Ալեքսանդր Ռարը:
Այնուհանդերձ, ըստ քաղաքագետի, Բրյուսելն ամեն ինչ կանի, որպեսզի Անկարային պահի դաշինքում:
«ՆԱՏՕ-ն հիմա ջանալու է Թուրքիային պահել ՆԱՏՕ-ում: Եթե պարզվի որ արևմտյան հետախուզությունները կապված են Էրդողանի դեմ հեղաշրջման փորձի հետ, կազմակերպություն ներսում կարող են խնդիրներ ծագել»,- շեշտել է Ալեքսանդր Ռարը:
Քաղաքագետի կարծիքով`դրա հետ մեկտեղ Արևմուտքը հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, անգամ հնչում են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչեր: