Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է
«Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար»,- այսպես է բնութագրել գերմանացի գրող Հարի Ազեմիսը հայ գրող Վախթանգ Անանյանին:
Գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ:
1905 թ. հենց այս օր Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում) ծնվել է Վ.Անանյանը: Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը հիշել է. «Տասնմեկ տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»:
1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ 1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։ 1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
Նրա առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ», լույս է տեսել 1930 թ-ին: Անանյանը «Որս» (1934 թ.) ժողովածուում վառ գույներով և ռեալիստական պատկերներով է նկարագրել հայկական բնաշխարհը: 1947–66 թթ-ին լույս են տեսել նրա որսորդական պատմվածքների 6 պրակները:
Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» (1951 թ.) արկածային վիպակով, որն աչքի է ընկնում մարդասիրական, հայրենասիրական շնչով, բնության վառ պատկերներով, համոզիչ կերպարներով: Վիպակը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով:
Մանկական գրականության լավագույն նմուշներից է նաև Անանյանի «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի: Անանյանը գրել է նաև «Հայաստանի կենդանական աշխարհը» (1961–67 թթ.) քառահատոր աշխատությունը, որն ունի գիտաճանաչողական մեծ արժեք:
Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։
Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957)։
«Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից»,- ասել է Պարույր Սևակը:
Վ.Անանյանը մահացել է 1980 թ.-ին Երևանում։
Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանը Վախթանգ Անանյանի ծննդյան օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նրա անծանոթ լուսանկարներից մեկը