«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը կալանավորվել է
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Ի. Պետրոսյանը չկարողացավ ասել՝ այս պահին Արամ Մանուկյանին տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց» ՔԿՀ, թե դեռ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում:
Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դեռևս նշանակված չէ Պ. Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության օրը: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը ցանկություն էր հայտնել ներկա լինել միջնորդության քննությանը, սակայն երկու ոտքից ունի հրազենային լուրջ վնասվածքներ ունի:
Այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Պավլիկ Մանուկյանն ու Արամ Մանուկյանը: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, երկուսն էլ վիրահատվել են:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
- Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր
- Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել