Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյաններին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Լրագրողների հետ զրույցում հայր և որդի Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արամ Մանուկյանի՝ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ քննիչների միջնորդությունը քննության է առնվելու:
Փաստաբանը նշեց, որ Արամ Մանուկյանը հրաժարվել է, որպեսզի ինքը մասնակցի միջնորդության քննությանը՝ նշելով, որ նախ և առաջ ի վիճակի չէ, երկրորդ՝ չի ցանկանում մասնակցել:
«Պավլիկ Մանուկյանի նկատմամբ էլ առկա է կալանավորման միջնորդություն: Նա, չնայած իր ծանր առողջական վիճակին, հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն բերեն դատարան: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է տեղափոխվի, քանի որ երկու ոտքից ունի հրազենային լուրջ վնասվածքներ»,- ասաց Ի. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Պավլիկ Մանուկյանն ու Արամ Մանուկյանը: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, երկուսն էլ վիրահատվել են:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պավլիկ և Արամ Մանուկյաններին դատարանի որոշումից հետո կտեղափոխեն «Դատապարտյալների» հիվանդանոց» ՔԿՀ, Ի. Պետրոսյանն ասաց, որ տեղափոխում են այն դեպքում, եթե առողջական վիճակը ներում է, եթե հնարավոր է լինում կազմակերպել համապատասխան բուժում.
«Սակայն պարզ է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն ու «Դատապարյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չեն կարող ունենալ նույն հագեցվածությունը: Տվյալ դեպքում Պավլիկ Մանուկյանը տարել է վիրահատություններ: Եթե տեղափոխելու որոշում կայացվի, նշանակում է, որ առնվազն պետք է ի վիճակի լինել ապահովել նրա հետագա բուժումը հենց «Դատապարտյալների հիվանդանոց»-ում»:
Հիշեցնենք, որ խմբի մյուս երկու անդամին՝ Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Նրանք երկուսն էլ երեկ «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
- Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր
- Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
- «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ