Պատանդ բժիշկները պետք է անհապաղ ազատ արձակվեն, վիրավորները՝ տեղափոխվեն հիվանդանոց. անվանի նյարդավիրաբույժ
«Դատապարտում եմ զինված խմբի անդամների կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելու փաստը: Բժիշկները պետք է ազատ արձակվեն, խմբի վիրավոր անդամները պետք է ստանան լիարժեք օգնություն: Անձամբ ես պատրաստ եմ մասնագիտական օգնություն ցուցաբերել վիրավորներին: Համոզված եմ, որ ճիշտ կլինի այդ մարդկանց տեղափոխել բազմապրոֆիլ մասնագիտական հիվանդանոց՝ հակառակ դեպքում նրանք կարող են մահանալ, կամ հաշմանդամ դառնալ»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից իրենց օգնության մեկնած բուժաշխատողներին պատանդ վերցնելու փաստին՝ասաց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Վիլյամ Խաչատրյանը:
«Ինձ այսօր առավոտից զանգահարում են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող անվանի բժիշկներ՝ ՌԴ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադաից, և իրենց զարմանքն ու անհանգստությունն են արտահայտում կատարվածի վերաբերյալ: Նրանք բոլորը միաձայն նշում են, որ այդպես չէին պատկերացնում հայ տղամարդու կերպարը: Մանավանդ, որ բուժաշխատողների մեջ կա բուժքույր»,-ասաց Խաչատրյանը:
Պրոֆեսորը նշեց, որ ինքը մասնագիտական պարտականություններն իրականացրել է նաև Բեսլանում, Աֆրիկայում և երբևէ ականատես չի եղել նման միջադեպի: «Լինում են դեպքեր, երբ բժիշկներին պատանդ են վերցնում, բայց ինքնակամ, սեփական կայանքը վտանգելու գնով զինյալների օգնության հասած մարդկանց պատանդ վերցնելու դեպք ես չեմ մտաբերում: Դա, իմ կարծիքով, Հայաստանին ոչ բնորոշ, աննախադեպ արարք է: Համոզված եմ, որ զինյալներն այսպիսի նպատակներ չունեին, և հիմա հասկանում են, որ սխալվել են: Տա Աստված, որ նրանք կարողանան հնարավորին չափ արագ ու անվնաս շտկել իրադրությունը»,-հավելեց նա:
Նշենք, որ 2015 թվականին անվանի վիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը ՌԴ-ից ժամանեց Հայաստան՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո ողջ մնացած վեցամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատելու համար: Ցավոք, չնայած մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան