ԱԱԾ. Ժամանակը սպառվում է
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց նկատմամբ, որպես ծայրահեղ միջոց, կիրառվելու է հրազեն:
Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող: Ձեռնարկված համարարժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ /այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ/, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ: Ընդ որում, այդ անձինք մտավախություն են հայտնել, որ հանձվելու փորձի դեպքում կարող են խմբի այլ անդամների կողմից ենթարկվել հաշվեհարդարի: Ավելին, հուլիսի 27-ի առավոտյան խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի:
ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին: Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է.
1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,
2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,
3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:
Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:
ԱԱԾ-ն հաղորդագրությանը կից նաև ձայնագրություններ է հրապարակել:
Հարակից հրապարակումներ`
- «ԱԱԾ-ն ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»:
- ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
- ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին
- ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան