«Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
«Այն , ինչ-որ ստեղծվել է հիմա, ոչ թե այսօրվա, երեկվա կամ մի երկու շաբաթվա իրադրությունն է ստիպել, այլ կուտակված դեպքերի հետևանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց հոգեբան Ռուբեն Արզումցյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող գործողությունների հոգեբանական կողմին:
«Ընդհանրապես մեր ազգի հոգեբանական մթնոլորտը բարդ է ու ծանր և այս կուտակաված իրադրությունների դեպքում միշտ չէ, որ տեղի է ունենում հոգեբանական ադեկվատ վարքի դրսևորում: Իրականում պրոբլեմները շատ բարդ են այն առումով, որ այստեղ ներգրավված են և սոցիալական, և տնտեսական, և բարոյական գործոններ: Սրան էլ գումարած կառավարման համակարգն այնքան էլ օպտիմալ չի աշխատում, կառավարիչների մեջ կան մարդիկ, որոնք պետք է չլինեն այդտեղ, վերջին ժամանակի կադրային փոփոխությունները խոսում են դրա մասին: Ուրեմն՝ այստեղ գումարվում է նաև մարդկային գործոնը»,-նշեց հոգեբանը:
Ըստ նրա՝ այս հոգեբանական մթնոլորտի լավացումը կապված չէ միայն իշխանությունից, միայն ժողովրդից, անհատներից, այլ՝ ամբողջական երևույթ է. «Մեր ժողովուրդն ունի որոշ դիրքորոշումներ, որոնք հաճախ չեն համապատասխանում այն երևույթներին, որոնք տեղի են ունեցել և սկսում են գնահատել որոշ արարքներ, երևույթներ, ոչ այնպես, ինչպես կա: Չմոռանանք, որ խոսքը գնում է հայի մասին՝ անկախ նրանից թե, որ կողմն է»:
Հանդիպմանը ներկա «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ ցավ հայտնեց, որ այսպես շարունակ օրական արյունք ենք հեղում և այս ամենը ձնագնդի ազդեցություն է ունենում. «Դժգոհության այն ֆոնը, որը կա, ավելի է ուժեղանում: Բայց հետո՞ , հետո ի՞նչ է լինելու: Մեր ամբողջ հասարակությունն ուզում է բարելավել իր կյանքը, իր արդարադատությունը, բոլորը գիտեն, բայց այս ըմբոստ տղաները ի՞նչ ծրագիր են առաջարկում, հասկացանք պահանջները, բայց ծրագրեր չկան»:
Ինչ վերաբերում է բժիշկներին պատանդ վերցնելուն, Ավետիքյանն ասաց. «Բժիշկներին պատանդ վերցնելը շատ ծայրահեղ է, բժիկը այնտեղ չի հայտնվել հետաքրքրությունից կամ թշնամանքից մղված, դա բարոյական իմաստով շատ վատ քայլ է»:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը շատ վատ քայլ համարեց նաև զենքերի այդպես բացահատ ցուցադրումը. «Զենքերի ցույց տալը կարող էր զարմացնել միայն երիտասարդներին, պատանիներին: Դա չի կարող համախմբելու ազդակ ծառայել: Նրանք որևէ անելիք, հեռանկարային նպատակ իրենց առջև չեն դրել, և զենքերի այդ ցուցադրությունը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ»:
Աղզումցյանն էլ հավելեց, որ այս կոնֆլիկտին միակողմանի լուծում չի կարող լինել, բոլոր կողմերն էլ ինչքանով պատրաստ են պետք է գնան զիջումների և այստեղ շատ կարևոր դեր ունեն միջնորդները:
Լրագրողների դիտարկմանը՝ թե «Սասնա ծռերի» կողմից զիջումներ եղան, իսկ հակառակ կողմից՝ ոչ, հոգեբանը պատասխանեց. «Իշխանություններն էլ գնացին որոշ զիջումների, քանի որ կարող էին ավելի խիստ վարվել, որը չեղավ: Ասել մեկը զիջեց, մեկը չէ, սխալ է, այլ հարց է, որ մեկի զիջումը ավելի երևացող է, քան մյուս կողմինը»: