«Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում
«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Հայկ Մելքոնյանի «Մի դիմանկարի պատմություն» խորագրով լուսանկարների շարքը: Panorama.am-ի հետ զրույցում Հայկ Մելքոնյանն ասաց, որ այս ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Հայաստանի իրական հարստությունը՝ մարդկանց:
«Ինձ հանդիպած ամեն մի մարդ հարստացրել է ինձ իր կյանքի փորձով, նոր մտքերով և ես շատ շնորհակալ եմ իրենց»,- ասաց լուսանկարիչը:
Հ. Մելքոնյանի այս շարքում ներկայացված բոլոր դիմանկարներում հայաստանցիներն են՝ իրենց բնորոշ պայմաններում, իրենց առօրյա կյանքում:
Այս ցուցահանդեսը Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի երկրորդ մասն է: Առաջին մասի բացումը եղել է ապրիլի 24-ին «Քարացած ժամանակ» խորագրով:
Լուսանկարիչը տեղեկացրեց, որ հաջորդ շարքը նվիրված է լինելու Հայաստանի բնությանը, իսկ եզրափակիչ ցուցահանդեսում ներկայացվելու են շարքերի բոլոր լուսանկարները՝ «Հայկական աշխարհներ» խորագրով:
«Ցուցահանդեսի անվանումը դեռ պայմանական է»,- հավելեց Հ. Մելքոնյանը:
«Մի դիմանկարի պատմություն» ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 31-ը:
Panorama.am-ը, որ թերևս զերծ է մնում կոչերից, այս անգամ կոչ կանի՝ նայեք այս տաղանդավոր լուսանկարչի գործերը և բոլորովին նոր, անսպասելի կերպով կբացահայտեք նույնիսկ ամենածանոթ ու ամենահարազատ հարստությունը՝ մարդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին